Ախալցխա քաղաքի (Սամցխե-Ջավախք)  մի քանի անչափահասներ միջին տարիքի տղամարդուն մեղադրում են անառակաբարո գործողություններ կատարելու մեջ, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան ` հղում անելով «Սամխրետիս կարիբչե» տարածաշրջանային գործակալությանը:

13-14 տարեկան միանգամից մի քանի դեռահաս աղջիկների ծնողների բողոքների հիման վրա  ոստիկանությունը ձերբակալել է 37-ամյա տղամարդուն: Այսօր դատախազությունը նրան պաշտոնական մեղադրանքներ է ներկայացրել: Ըստ հրատարակության տվյալների, մեղադրյալը տեղացի չէ: Տարվա սկզբից նա ապրում է Ախալցխայի հյուրանոցներից մեկում եւ աշխատում է սննդի օբյեկտում:

Ոստիկանություն դիմած բոլոր դեռահասներն ապրում են վերոնշյալ հյուրանոցից քիչ հեռու: «Նա բռնել էր իր սեռական օրգանը եւ փորձում էր մոտենալ», — «Սամխրետիս կարիբչեն» ներկայացնում է աղջիկներից մեկի ցուցմունքը:

Աղջիկների ծնողները հրաժարվել են լրագրողների հետ խոսել կատարվածի մասին:

Նրանք նշել են, որ միջադեպի մասին արդեն տեղեկացրել են ՆԳՆ-ին:

«Երկու օր առաջ զարմուհիս իր ընկերուհու հետ էր եւ այդ տղամարդը վախեցրել է նրանց: Ես չեմ կարող պատմել, թե ինչ է տեղի ունեցել», — լրագրողներին ասել է տուժածներից մեկի մորաքույրը:

Վաղը Ախալցխայի դատարանը  որոշում կկայացնի մեղադրյալի խափանման միջոցի վերաբերյալ:

Ձերբակալվածին արդեն պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել «անառակաբարո գործողություններ» հոդվածով: Դատարանի կողմից մեղավոր ճանաչվելու դեպքում նա կարող է 8-10 տարվա ազատազրկման դատապարտվել:

Պետք է նշել, որ վերջին շրջանում լրատվամիջոցներում ավելի հաճախ են հայտնվում անչափահասների հանդեպ սեռական ոտնձգությունների դեպքերի վերաբերյալ տեղեկությունները: Այս շաբաթ Բաթումիում ոստիկանությունը ձերբակալել է 55-ամյա մի տղամարդու, որը ավտոբուսում ոտնձգություններ էր կատարում 12-ամյա աշակերտուհու նկատմամբ: