Ղազախստանում ՀԱՊԿ պետությունների ղեկավարների հանդիպումը վերածվել էր քաղաքական սկանդալի: Այս մասին նոյեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
Ըստ նրա դրա պատճառը ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի պատմությունն էր:
«Այն դրդապատճառ դարձավ, որպեսզի Հայաստանի հանդեպ ոչ բարեկամական քայլեր ձեռնարկվեին Բելառուսի եւ Ղազախստանի նախագահների՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Նուրսուլթան Նազարբաեւի կողմից:
Հայաստանի հետ մեկ կազմակերպության մեջ լինելով, լինելով Երեւանի դաշնակիցները, նրանք վարում են քաղաքականություն, որը բոլորովին չի համապատասխանում ոչ ՀԱՊԿ Կանոնադրությանը, ոչ այլ միջազգային կազմակերպության կանոնադրությանը», - պարզաբանեց Նավասարդյանը:
Ըստ փորձագետի, որպես ապացույց կարելի է բազմաթիվ փաստեր բերել, քանի որ Հայաստանի դաշնակիցը լինելով, Բելառուսը ամբողջովին խախտում է եւ անտեսում իր դաշնակցային պարտավորությունները:
Ընդ որում, Մինսկը ակտիվորեն զարգացնում եւ խորացնում է հարաբերությունները Երեւանի թշնամու` Բաքվի հետ, որը ակնհայտ ուղղված է Հայաստանի դեմ: «Սա, մասնավորապես, վերաբերում է Բելառուսի եւ Ադրբեջանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցությանը», - ընդգծեց փորձագետը:
Նավասարդյանի խոսքով, Ղազախստանի ղեկավարության քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ նույնպես ոչ բարեկամանական է. Աստանան երկար տարիներ Երեւանի հանդեպ, հատկապես Ղարաբաղի հարցում, ոչ բարեկամական քաղաքականություն է վարում:
Սակայն ինչպես կարծում է փորձագետը, Բելառուսի եւ Ղազախստանի նման քաղաքականությունը դժվար թե Ռուսաստանին ձեռնտու լինի, քանի որ վերջինս շահագրգռված է ՀԱՊԿ-ի ամրապնդմամբ: «Ես չեմ հավատում, որ Ադրբեջանը կդառնա ՀԱՊԿ-ի նոր անդամ կամ առնվազն դիտորդ: Փաշինյանը փակեց այս կազմակերպությունում Բաքվի ճանապարհը: Ռուսաստանը հազիվ թե իրադարձությունների այլ զարգացումներով հետաքրքրված լինի, քանի որ կազմակերպության հավասարակշռությունը կխախտվի: Ադրբեջանի հետեւում Թուրքիան եւ Իսրայելն են: Դա բացարձակապես ձեռնտու չէ Մոսկվային», - վստահեցրեց Նավասարդյանը:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովին նոր իշխանությունների ժամանակ 10 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքներ են ներկայացվել: Երեւանի կողմից հետ կանչելու արդյունքում Հայաստանը զրկվեց ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնից:



























