Կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 15-ին, հավանության չտվեց օրինագծին, որով առաջարկվում է հավասարեցնել գարեջուր ներկրողների եւ տեղական արտադրողների համար սահմանված ակցիզային հարկը:

Ներկայացված օրենսդրական նախաձեռնության հիմնավորման մեջ նշվում է, որ նախագիծը նպատակ է հետապնդում հավասար մրցակցային դաշտ ստեղծել գարեջուր ներկրողների եւ տեղական արտադրողների միջեւ:

ՀՀ մաքսային ծառայության վիճակագրական տվյալների համաձայն վերջին տարիներին նկատվում է գարեջրի ներմուծման ծավալների զգալի աճ: Եթե 2014թ-ին ՀՀ է ներմուծվել 2837.5 հազար լիտր գարեջուր, ապա 2017թ-ին՝ 4481.8 լիտր, աճը կազմում է 58 տոկոս: Գարեջրի ներմուծման ծավալի 75 տոկոսից ավելին բաժին է հասնում ՌԴ-ին:

Քանի որ զգալիորեն նվազել են ներմուծված գարեջրի մաքսային արժեքները եւ ակցիզային հարկի արժեքային դրույքաչափը չի գործել, ուստի ներմուծված գարեջրի ակցիզային հարկը սկսած 2015թ-ից վճարվել է նվազագույն՝ 1 լիտրի համար 105 դրամ դրույքաչափով: Իսկ 2015-2017թթ-ի տեղական արտադրության համադրելի գարեջրի 1 լիտրի միջին գինը առանց ԱԱՀ-ի եւակցիզային հարկի կազմել է 375-380 եւ ավելի դրամ, որի դիմաց վճարված ակցիզային հարկի միջին դրույքաչափը կազմել է 112-115 դրամ:

Փաստորեն ստացվում է, որ օրենսգրքով սահմանված ակցիզային հարկի արժեքային եւ կայուն դրույքաչափերի կիրառման նորմը գործում է ի վնաս տեղական արտադրողի, քանի որ վերջինս ստիպված է եղել 2015-2017 թթ-ին իրացված յուրաքանչյուր լիտր գարեջրի համար 7-10 դրամ ավել ակցիզային հարկ վճարել, քան ներկրողը:

Այս առնչությամբ, ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ Կառավարությունն առաջիկա հարկային բարեփոխումների շրջանակում անդրադառնալու է խնդրի առարկա հարցի առավել համակողմանի կարգավորմանը: Կառավարության եզրակացությամբ առաջարկվեց  առայժմ ձեռնպահ մնալ ներկայացված օրենքի նախագծի քննարկումից ու ընդունումից՝ մինչեւ հարկային բարեփոխումների շրջանակներում իրականացվող քննարկումների ավարտը: