Սալվադորից 198 մարդուց բաղկացած եւս մեկ քարավան է ուղեւորվել Միացյալ Նահանգներ, հայտնում է EFE գործակալությունը:

Գործակալության տեղեկություններով՝ միգրանտները դեռ պետք է հաղթահարեն Գվատեմալայի եւ Մեքսիկայի սահմանները:

Տեղական La Prensa Grafica պարբերականը հայտնում է, որ սա ԱՄՆ ուղեւորվող արդեն չորրորդ քարավանն է: Ամերիկյան սահմանը հատել ցանկացողների ընդհանուր թիվը մոտ 7 հազար է:

Հոկտեմբերի 18-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կդիմի զինվորականներին եւ կփակի ԱՄՆ հարավային սահմանը, եթե Մեքսիկայի իշխանությունները չկանգնեցնեն Կենտրոնական Ամերիկայի երկրներից այդ երկրով եկող ապօրինի ներգաղթյալներին, որոնք ձգտում են հայտնվել Միացյալ Նահանգներում: Նա նաեւ հայտարարել էր, որ Գվատեմալայի, Հոնդուրասի եւ Սալվադորի Իշխանությունները ոչինչ չեն անում՝ իրենց քաղաքացիների ապօրինի գաղթն ԱՄՆ կանխելու համար:

Թրամփը հոկտեմբերի վերջին կարգադրել էր Մեքսիկայի սահմանին զինվորների թիվն ավելացնել մինչեւ 15 հազար՝ «միգրանտների քարավանը» կանգնեցնելու համար: Նոյեմբերի 9-ին նա հրաման էր ստորագրել ապօրինի միգրանտներին ապաստանի տրամադրումը մերժելու մասին: