Apple ընկերությունը վերսկսել է iPhone X-ի նախկինում դադարեցված արտադրությունն այն բանից հետո, երբ նոր մոդելների պահանջարկը, պարզվել է, ավելի քիչ է, քան սպասվում էր՝ տեղեկացնում է The Wall Street Journal-ը։
Թերթը գրում է, որ այս որոշումը կայացվել է այն պատճառով, որ սեպտեմբերին թողարկված iPhone XS եւ iPhone XS Max սմարթֆոնները շուկայում չեն ունեցել այն հաջողությունը, որ ակնկալում էր Apple-ը։
Պատճառներից մեկն էլ Apple-ի եւ Samsung Electronics-ի միջեւ պայմանագիրն է, ըստ որի վերջինս OLED դիսփլեյների հիմնական մատակարարն է Apple-ին։ Սրանք օգտագործվում են նաեւ iPhone X-ում։ Թերթը գրում է, որ Apple-ը Samsung-ից որոշակի քանակով դիսփլեյներ դեռ պետք է գնի։
iPhone X-ի վաճառքը սկսվել էր 2017թ․ նոյեմբերին, իսկ դրանց արտադրության դադարեցման մասին հայտարարվել էր այս տարվա սեպտեմբերին՝ դա պատճառաբանելով նոր մոդելների արտադրությամբ։ Ավելի վաղ, նոյեմբերին WSJ-ը, վկայակոչելով աղբյուրներին, հայտնել էր, որ Apple-ը կրճատել է iPhone XR, iPhone XS եւ iPhone XS Max սմարթֆոնների արտադրության պատվերները։





























