Կառավարության այսօրվա՝ նոյեմբերի 29-ի նիստում ընդունվեց Շիրակի և Լոռու մարզերում աշխատանքային օրը տեղափոխելու մասին որոշման նախագիծը: Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի ն Լոռու մարզերում 2018 թվականի դեկտեմբերի 7-ի աշխատանքային օրը տեղափոխել 2018 թվականի դեկտեմբերի 15-ը՝ շաբաթ օրը:

Ըստ հիմնավորման՝ «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռել Հայաստանի Հանրապետության Շիրակի և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզերում քաղաքացիներին` երկրաշարժի զոհերի՝ դեկտեմբերի 7-ի հիշատակի օրն այցելելու երկրաշարժի զոհերի գերեզմանները:

ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը նկատեց, որ առաջին անգամն է, երբ տեղափոխվում է աշխատանքային օրը մեկ–երկու մարզերում: «Ինձ ասացին, որ ավանդույթի համաձայն՝ այդ երկու մարզում ուղղակի չեն գնում աշխատանքի, պետք է հարգել մարդկանց զգացմունքները. կարծում եմ՝ ճիշտ որոշում է»,- ընդգծեց Արարատ Միրզոյանը: