Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հինգշաբթի հայտարարել է երկրում նվազագույն աշխատավարձը 2,5 անգամ բարձրացնելու մասին՝ 1,8 հազար բոլիվարից մինչեւ 4,5 հազար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Դեկտեմբերի 1-ից նվազագույն աշխատավարձի եւ թոշակի չափը կկազմի 4,5 հազար բոլիվար, իսկ սա նշանակում է աշխատավարձերի բոլոր աղյուսակների շտկում»,- հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է Մադուրոն:

Ընդ որում՝ «սեւ շուկայի» հինգշաբթիի փոխարժեքով այս գումարը կազմում է ընդամենը 11 դոլար: Վենեսուելայում սեպտեմբերին նվազագույն աշխատավարձը բարձրացվել էր միանգամից 60 անգամ: Մադուրոն օգոստոսին հայտարարել էր նվազագույն աշխատավարձը պետրո կրիպտոարժույթին կապելու մասին: Այն կազմում էր մեկ պետրոյի արժեքի կեսը, այսինքն՝ 1,8 հազար բոլիվար: Պետրոյի արժեքի 2,5 անգամ՝ մինչեւ 9 հազար բոլիվար բարձրանալուց հետ, ինչի մասին Մադուրոն նույնպես հինգշաբթի էր հայտարարել, նվազագույն աշխատավարձի չափը  եւս 2,5 անգամ բարձրացել է: