Քաղաքացիների ընդունելություն Քրեակատարողական ծառայությունում Նոյեմբերի 30-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի գլխավորությամբ իրականացվեց նախապես հերթագրված քաղաքացիների ընդունելություն:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից NEWS.am_ին հայտնում են, որ ընդունելության եկած քաղաքացիների հարցերը հիմնականում կապված էին դատապարտյալների առողջական խնդիրների հետ, ինչից ելնելով՝ քաղաքացիները խնդրում էին իրենց հարազատներին տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Բարձրացված հարցերից մեկը վերաբերում էր քաղաքացու՝ դատապարտյալ որդուն իրենց բնակության վայրին ավելի մոտ ՔԿՀ տեղափոխելու հնարավորությանը, մեկ այլ քաղաքացի դիմել էր ուղղիչ հիմնարկի տեսակը մեկուսացվածության առավել ցածր աստիճանի փոխելու խնդրանքով:
Ծառայության պետը մանրամասն լսելով յուրաքանչյուրին եւ ուսումնասիրելով ներկայացված դիմումները՝ ծանոթացրեց վերհանված հարցերի լուծման ընթացակարգերին, տեղում տվեց համապատասխան հանձնարարականներ խնդիրների հնարավոր լուծումը կարգավորելու ուղղությամբ:
Քաղացիները շնորհակալություն հայտնեցին Ա. Մխոյանին ընդունելության եւ աջակցության համար:





























