Երբ 1998 թվականին բոլոր ուժերը քվեարկեցին Ռոբերտ Քոչարյանի օգտին, բոլոր ուժերը նրա կողմից էին, թե Վազգեն Մանուկյանը, թե Հայրիկյանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց գյուղատնտեսության նախկին նախարար, ՀՅԴ ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով մեղադրանքներին, թե ՀՅԴ-ն երկար տարիներ համագործակցել է ՀՀԿ-ի հետ:

«1999 թվականին որեւէ մեկը վիճարկո՞ւմ էր, որ ՀՀԿ-ՀԺԿ կառավարությունը մեծամասնության քվեն էր ստացել: Մարդիկ քվեարկել են այդ կառավարության օգտին, ՀՅԴ-ն էլ համագործակցել է: Հիմա փողոցում հարցնում ես, որեւէ մեկը չի խոստովանում, որ 1991 թվականին քվեարկել է Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին կամ 1999-ին ՀՀԿ-ի օգտին է քվեարկել, 2003-ին քվեարկել է Արտաշես  Գեղամյանի օգտին: 2017-ին ՀՀԿ-ն ստացել է 770 հազար ձայն եւ ոչ մի ուժ չի բողոքարկել դա: Բոլորը զարմացած էին, թե այդ ինչ կատարվեց, զանգվածային աճուրդի ականատես եղանք, իսկ այսօր մեկին չտեսանք, որ ասի՝ ՀՀԿ-ի օգտին եմ քվեարկել: Դա անազնիվ է:

Մարդիկ հասկանում են, որ լավ բան չեն արել, բայց դրանից ֆոն ստեղծել, թե ՀՅԴ-ն գնացել համագործակցել է, ազնիվ չէ: ՀՅԴ-ն միակ ուժն է, որ կոալիցիաներից դուրս գալիս բոլորով դուրս են եկել: Մյուսները միշտ իրենցից մարդ են թողել կառավարությունում»,-ընդգծեց Արթուր Խաչատրյանը: