Արտաշատ քաղաքում մոտ 2 ամիս նորմալ աղբահանություն չի կատարվում։ Այս մասին NEWS.am-ին ահազանգեց բնակիչներից Լեւոնը։
«Աղբահանության հետ կապված մոտ 2 ամիս Արտաշատում ահավոր իրավիճակ է ստեղծվել։ Աղբի մեքենան չի գալիս, որ առաջ 3 օրը մեկ գալիս էր շենքի մոտ, իսկ հիմա պետք է 500 մետր քայլենք, որ աղբը աղբավայր տանենք, հետո մեքենան աղբավայրից տանում է աղբը։ Եթե ես տանը չեմ լինում, ծնողս չի կարում իջնի, գնա էդքան տանի, թափի»,-ասաց Լեւոնը։
Նրա խոսքով՝ այս իրավիճակին զուգահեռ նաեւ թանկացել է աղբի վարձավճարը՝ 200-ից դառնալով 400 դրամ։
Արտաշատի բնակիչը նշեց, որ այս հարցով իրենք դիմել են քաղաքապետարան, սակայն պատասխան չեն ստացել։
«Հաջորդ շաբաթ շենքի բնակիչները պատրաստվում են այս հարցով անձամբ դիմել քաղաքապետին, քանի որ որոշ մարդիկ ընդհանրապես չեն կարողանում այդ 500 մետրն էլ գնալ եւ գումարով խնդրում են մեկին, որ իրենց աղբը թափեն»,-ասաց Արտաշատի բնակիչը։
Նա հավելեց, որ նախորդ տարի բնակիչներին քաղաքապետարանում ստիպում էին նաեւ աղբի վարձավճարը մուծել, որ մեքենայի գույքահարկի անդորրագիրը տրամադրեին, իսկ ովքեր չէին վճարում անդորրագիրը չէին տրամադրում։





























