Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը կարծում է, որ Եվրասիական տնտեսական միության խորհրդի նիստում  դիտորդի կարգավիճակում երկրի մասնակցությունը ԵՏՄ անդամ երկրների հետ տնտեսական, սոցիալական եւ հումանիտար համագործակցության խորացման հեռանկարներն է ստեղծում:

«Այս շաբաթ առաջին անգամ Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստում Մոլդովայի Հանրապետությունը կմասնակցի որպես դիտորդ: Մոլդովայի համար սա լավ հնարավորություն է եւ տնտեսական, սոցիալական եւ հումանիտար համագործակցության խորացման հեռանկար», - երկուշաբթի Facebook-ի էջում գրել է Դոդոնը: Նա հավելել է, որ ԵՏՄ երկրների ղեկավարների հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում:

Դոդոնի խոսքով, 2017 թ. ԵՏՄ երկրները երրորդ երկրներից 30.2 միլիարդ դոլարի սննդամթերք եւ գյուղատնտեսական հումք (կամ ԵՏՄ երկրների ընդհանուր ներմուծման 12 տոկոսը) են ներմուծել: Միեւնույն ժամանակ, Մոլդովան 1,1 մլրդ դոլարի  սննդամթերք եւ գյուղատնտեսական հումք է արտահանել աշխարհի բոլոր երկրներ եւ կարող է զգալիորեն մեծացնել մատակարարումները ԵՏՄ երկրներ արտադրության ծավալի եւ արտադրանքի արտահանման ներուժի ավելացման միջոցով:

«Էներգետիկայում համագործակցության մեծ ներուժ կա (ԵՏՄ երկրների համար էներգառեսուրսների համար գործում են արտոնյալ գներ), համագործակցությունը շարունակվում է աշխատանքային միգրացիայի հարցերում (ԵՏՄ երկրներում միգրանտներին առանց արտոնագրի աշխատելու հնարավորություն է տրվում), առկա են նոր ֆինանսական գործիքներ ենթակառուցվածքային նախագծերի եւ բիզնեսի համար (առկա է միջպետական ներդրումային հիմնադրամների ստեղծման փորձ, գործում է Եվրասիական զարգացման բանկը)», — հավելել է նախագահը: