Առաքելության գլխավոր շտաբի պետ Սլոբոդա Ե.-ն հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ղեկավար Գաչեկ Ու.-ի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են քարոզարշավի ընթացքը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային շփումների, ինչպես նաեւ քվեարկության օրը ԱՊՀ եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ  առաքելությունների ղեկավարների հանդիպման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ին հայտնել են  ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի մամուլի ծառայությունից:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման մոնիթորինգի շրջանակներում ԱՊՀ-ից երկարաժամկետ դիտորդներն այցելել են Կոտայքի, Արմավիրի, Արագածոտնի մարզերի եւ Երեւան քաղաքի ընտրական տեղամասերը:

Հանձնաժողովներին այցելելիս դիտորդներին հնարավորություն է տրվել ծանոթանալ նրանց աշխատանքին եւ նախընտրական քարոզչության վերաբերյալ տեղեկատվություն ստանալ:

Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովում հանդիպման ժամանակ ԱՊՀ-ից երկարաժամկետ դիտորդներին տեղեկացրել են 39 հեռուստա եւ ռադիոընկերությունների կողմից ընտրությունների քարոզարշավի լուսաբանման մոնիթորինգի ընթացակարգի մասին:

Համագործակցության դիտորդները հանդիպում են ունեցել ՀՀ գլխավոր դատախազության ղեկավարության հետ, որի ընթացքում տեղեկացվել են օրինականության իրավիճակի եւ նախընտրական քարոզչության ժամանակ գլխավոր դատախազության կողմից իրականացվող աշխատանքների մասին:

Առաքելության անդամները նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական շտաբի ղեկավարության հետ քննարկել են ընտրական գործընթացը: