Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը ձերբակալվել է «Պրահա 5» թաղամասի բնակարաններից մեկում։ Այս մասին չեխական ČTK գործակալության հետ զրույցում պատմել է ոստիկանության մամուլի խոսնակ Յան Դանեկը։
Դանեկի խոսքով՝ 37-ամյա տղամարդը ձերբակալվել է հարձակողական ստորաբաժանման ներկայությամբ, քանի որ նրանք կասկածել են, որ վերջինս զինված է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես եւ ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել են ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին:
Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:
Դեկտեմբերի 9-ին՝ լրագրողների հետ զրույցում ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտնել էր, որ պատրաստվում են անհրաժեշտ փաստաթղթերը նրա արտահանձնման համար։
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու եւ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:
Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում:





























