Եւ ՀՀԿ, եւ ԲՀԿ–ն, լինելով հին Հայաստանի, հին կոալիցիայի մաս կազմող ուժեր, տարել են զգալի ձայներ, եւ դա ինձ համար անակնկալ էր։ Այդ մասին NEWS.am-ի թղթղակցի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան»–ի ցուցակով պատգամավորի թեկնածու Դավիթ Խաժակյանը՝ նշելով, որ դա իր անձնական կարծիքն է։

«Իհարկե, պետք է հասկանանք, որ այդ ձայներ տվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, բայց այդուհանդերձ, այդ ուժերը, վստահաբար, չեն կարող նոր ժողովրդավարական պատկերացումները ներկայացնել։ Բայց ունենք, այն ինչ ունենք։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հաստատապես լինելու է  խորհրդարանում, թե որ տեղում ցույց կտան հաշվարկները, ինչը սակայն ինձ այդքան էլ չի ուրախացնում, քան եթե մենք լինեինք երկրորդ ուժը, ոչ թե թվաքանակի խնդիրներ ներկայացվածության առումով, այլ բովանդակային առումով, որ դեռեւս կան ուժեր, որոնք կարողանում են  ոչ գաղափարական հենքի վրա մտնել  եւ ձայներ տանել»,– նշեց նա։

Հարցին թե սպասելի էր իր համար, որ ՀՀԿ գրեթե 5% ձայն է հավաքել, հաշվի առնելով, թե ինչ համատարած մերժում էին այդ կուսակցությանը, Խաժակյանն ասաց. «Սպասելի էր, քանի որ կան թաքնված ձայներ, որովհետեւ շատերն են հասկանում, որ ՀՀԿ ընտրելը վկայությունն է այն բանի, որ իրենք չեն ցանկանում փոփոխություններ երկրում, եւ այդ քվեների քանակը, ցավոք սրտի, իմ ակնկալածից եւս մեծ էր։ Բայց ունենք այն ինչ ունենք, եւ պետք է այդ իրողությունների հետ հաշվի նստենք»։