2018 թվականի դեկտեմբերի 9-ին «Արտահերթ խորհրդարանական ընտրություններ» անվան ներքո Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել գործող ավտորիտար համակարգի վերբեռնում:  Այս մասին հայտարարություն է տարածել «Երկիր ծիրանի» կուսակցությունը:

Հայտարարությունում ասվում է.

«Աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում՝ Սերժ Սարգսյանի եւ Միքայել Մինասյանի կողմից իրականացվող իշխանության վերբեռնումը ստեղծել է այնպիսի իրավիճակ, որի պայմաններում, կեղծ վախեր սերմանելով՝ «ընտրության» անվան ներքո դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել հայ ազգի քաղաքական ընտրության հնարավորության արգելափակում:

Վերբեռնումն ընթացել է Սերժ Սարգսյանի գործուն մասնակցությամբ`

իր ռեժիմի սպասարկուների միջոցով եւ նրանց ռեսուրսների օգտագործմամբ (վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքի եւ «ՀՀԿ»-ի միջեւ ցուցադրելով կեղծ պայքար` հեղափոխական եւ հակահեղափոխական, սեւ եւ սպիտակ, դուխով եւ խելքով...),

նախագծված սուպերվարչապետական ավտորիտար քաղաքական համակարգի կանոններով (2015 թվականի ՀՀ Սահմանադրություն, Ընտրական օրենսգիրք, Կուսակցությունների մասին օրենք),

ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող 2 մլն 592 հազար 479 անձանց ցուցակով,

ՀՀ ԿՀԸ-ի ղեկավար Տիգրան Մուկուչյանի  հանցավոր մասնակցությամբ:

Գործող իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժի, ինչպես նաեւ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները, կրկնեցին նախորդներին եւ փաստացի յուրացրեցին օրենսդիր իշխանությունը:

Ավտորիտարիզմի վերբեռնումը տեղի է ունեցել ընտրական ռեգիստրում գրանցված անձանց  50 %-ից էլ պակաս  մասնակցությամբ:

Ընտրություններին արցախցիների եւ օտար երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների չմասնակցելն ու խորհրդարան անցնելու ընտրական բարձր շեմը զրկել են հայ ազգի առավել մեծ հատվածին` Ազգային ժողովում ներկայացված լինելու հնարավորությունից:

Այս իրողությունները մենք գնահատում ենք որպես ավտորիտարիզմի եւս մեկ ժամանակավոր հաղթանակ հայ  ազգի հանդեպ:

Հայ ազգի արդար ցասումը արդի պատմության ընթացքում՝ սկսած 88-ից, չի արձանագրել մեր բաժան-բաժան եղած հողի եւ ազգի իրական միացում:

Ավտորիտարիզմի վերբեռնումը չի լուծելու մեր ազգի եւ պետականության առջեւ առկա հրատապ մարտահրավերները` պատերազմը եւ տնտեսության գահավիժումը:

Ուստի «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայտարարում է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է հայ ազգի համակենտրոնացում (մոբիլիզացիա)՝ Հայկական Մեծ իրական հեղափոխություն իրականացնելու համար: