Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ:

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում ստուգվել են նշված վայրում անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև նրանց առնչվող փաստաթղթերը:

Վեր են հանվել խնդիրներ՝ կապված բուժանձնակազմի քանակի, դեղերի և բժշկական պարագաների, զսպման միջոցների կիրառության, սննդի հետ և այլն: 

Արձանագրվել է կենցաղային, այդ թվում՝ սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման և վերանորոգման անհրաժեշտություն:

Վերը նշված խնդիրները Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները տեղում  քննարկել են ՊՈԱԿ-ի տնօրինության հետ:

Արձանագրված բոլոր խնդիրները համապատասխան վերլուծություններով սահմանված կարգով կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին կներկայացվեն ոլորտի իրավասու մարմնին:

Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչների համար աշխատանքի  խոչընդոտներ չեն ստեղծվել: