Եմենում Կարմիր ծովի Խոդեյդա նավահանգիստը, որը Անսար Ալլահ (հուսիթներ) շարժման ապստամբների հսկողությունում է, ՄԱԿ վերահսկողության տակ կանցնի: Մամուլի ասուլիսին Շվեդիայում Եմենի հարցով բանակցություններից հետո այս մասին ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«ՄԱԿ-ը մեծ դեր կխաղա Խոդեյդայի նավահանգստում, այդ թվում կվերահսկի այն», -ասել է Գուտերեշը:

Իր հերթին, բանակցությունների ժամանակ կառավարական պատվիրակության ղեկավար, Եմենի արտաքին գործերի նախարար Խալեդ ալ-Յամանիի խոսքով, «հուսիթներն առաջին անգամ համաձայնել են հեռանալ Խոդեյդայի նավահանգստից, ինչը ձեռքբերում է»:

Շվեդիայում բանակցությունները շարունակվում էին անցյալ շաբաթվանից, եւ քննարկումների ընթացքում ամենադժվար հարցը ռազմավարական նշանակության քաղաք Խոդեյդայի եւ նավահանգստի ճակատագիրն էր:

Եմենի կառավարությունը մեղադրում է հուսիթներին, որ նրանք Իրանից զենք են ստանում նավահանգստի միջոցով, երկար ժամանակ կառավարական ուժերը արաբական կոալիցիայի աջակցությամբ փորձում էին իրենց ձեռքը վերցնել նավահանգստի հսկողությունը, սակայն այդպես էլ չեն կարողացել հաղթահարել հուսիթների դիմադրությունը: