Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ քաղաքական եւ ռազմական ուժերի հավասարակշռությունը խախտված է մինչեւ անընդունելի սահմանների: Դա կարող է չափազանց բացասաբար անդրադառնալ Հայաստանի եւ Ղարաբաղի իրավիճակի վրա: Դեկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման մտահոգություն հայտնեց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը:
Փորձագետը, մասնավորապես նշեց, որ Հայաստանի նոր իշխանությունների քաղաքականության պատռճառով վտանգ է առաջացել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կարող է նշանակվել Ստանիսլավ Զասը, որի թեկնածությունը հավանության է արժանացել եւ ներկայացվել Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից, եւ որը հայտնի է իր ադրբեջանամետ դիրքորոշմամբ:
«Հիշեցնեմ, որ այդ զինվորականն ավարտել է Բաքվի համազորային հրամանատարական ուսումնարանը: Նա շատ սերտ կապեր ունի Ադրբեջանի պաշտպանության նախարարի, Գլխավոր շտաբի պետի եւ նախագահի հետ: Նա անգամ բելառուսական սպառազինությունները Ադրբեջանին մատակարարելու միջնորդներից եւ անգամ նախաձեռնողներից էր, մասնավորապես «Պոլոնեզ» համազարկային կրակի հրթիռային համակարգերը», - ասաց Համբարձումյանը:
Նրա գնահատմամբ՝ այդ մատակարարումներով զգալի խախտվել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ուժերի հավասարակշռությունը, քանի որ աշխարհում տվյալ զենքի համար արժանի անալոգ պարզապես չկա: Փորձագետը նշեց, որ տվյալ համակարգերը գրեթե անխոցելի են նորագույն ՀՕՊ համակարգերի համար եւ անգամ վտանգավոր են դրանց համար, քանի որ ընդամենը մեկ համազարկով կարող են 8 մարտավարական եւ ռազամավարական թիրախներ խոցել, այդ թվում Հայաստանի սպառազինությունում առկա ռուսական С-300/С-300ПМ եւ С-300В/С-300ПС զենիթահրթիռային համալիրները:
«ՀՕՊ համար զգալիորեն ավելի հեշտ է հակազդել մեր «Իսկանդեր-Է» օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրների ընտանիքի սպառազինությանը, քան «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համալիրին»,- շեշտեց փորձագետը՝ հավելելով, որ ադրբեջանցիներն արդեն գնել են հայկական «Իսկանդերներին» «պատասխանը»՝ իսրայելական «LORA» օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրներ:
Հարցին՝ հայկական կողմը Բաքվի նկատմամբ առավելություն ունի՞, եւ եթե այո, ապա ո՞րն է դա, փորձագետը դժվարացավ պատասխանել՝ միայն ասելով, որ հայկական կողմը բարձր հրամանատարական օղակի մակարդակում լավ կադրային բազա ունի, սակայն ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի կալանավորման սկանդալային պատմությունից հետո դրան շատ ուժեղ հարված հասցվեց: Ռազմական փորձագետը նշեց, որ Խաչատուրովը հին խորհրդային զինվորական դպրոցի ներկայացուցիչ է, մարտական փորձ ունի եւ բանակային տարբեր պաշտոններում աշխատանքի հարուստ փորձ, ինչը նրան թույլ էր տալիս օպերատիվ իրավիճակը պատշաճ կերպով տիրապետել:
Միաժամանակ Վան Համբարձումյանը հատուկ ընդգծեց Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ԶՈՒ անձնակազմի բարձր մարտական ոգին՝ հիշեցնելով, որ ապրիլյան էսկալացիաի ժամանակ սովորական ժամկետային զինծառայողները զարմանալի առնականություն եւ դիմացկունություն էին ցուցաբերել:
Սակայն, ըստ փորձագետի, դա բավարար չէ տեխնիկական եւ քանակական առավելությամբ հակառակորդին հակազդելու համար: «Մեր տեխնիկան խորը արդիականացման կարիք ունի: Մեր տանկերն, օրինակ, գիշերն անզոր են: Դրանք հեշտ թիրախ են դառնում թշնամու տանկերի կամ ժամանակակից հակատանկային հրթիռային համակարգերի համար», - ընդգծեց նա:
Փորձագետը նշեց, որ հայկական կողմի հիմնական առավելությունը Երեւանի եւ Մոսկվայի միջեւ եղած համագործակցության եւ փոխադարձ վստահության բարձր մակարդակն էր, քանի որ դա թույլ էր տալիս Հայաստանին Կրեմլից անհատույց ստանալ ոչ միայն «Իսկանդեր», այլեւ ժամանակակից այլ զենքեր: Իսկ Խաչատուրովի հետ կապված պատմությունից հետո, փորձագետի կարծիքով, երկու բարեկամ երկրների միջեւ հարաբերությունները զգալիորեն սառել են:
«Պուտինն անհրաժեշտ համարեց շնորհավորել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա առթիվ, սակայն մինչ օրս չի շնորհավորել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Չէ, որ դա ինչ-որ բան նշանակում է»,- եզրափակեց Վան Համբարձումյանը:





























