Պարեկային ոստիկանությունը փակել է ճանապարհը Գուրջաանիի մոտ՝ նպատակ ունենալով թույլ չտալ բողոքի ակցիային մասնակցող ընդդիմության կողմնակիցներին մոտենալ Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զարուբիշվիլիի երդմնակալության վայրին: Երդմնակալության արարողությունը տեղի կունենա Թելավի քաղաքում:

Ոստիկանությունը կոչ է անում կատարել մեծ շրջանց եւ մեկնել այնտեղ Քվարելիի կողմից՝ չնայած այնտեղ եւս հերթապահում է պարեկային ոստիկանությունը, եւ հստակ չէ, որ այնտեղ կթույլատրեն, հաղորդում է Գրուզիա-օնլայնը:

Արդեն իսկ փոքր բախում է տեղի ունեցել ոստիկանության եւ ակցիայի մասնակիցների միջեւ: Ընդդիմության կողմնակիցները փորձել են ավտոմեքենաներով ճեղքել ոստիկանական շղթան: Այնուհետեւ նրանք փորձել են շրջել ճանապարհը փակած ավտոբուսը, ինչի արդյունքում սկսվել է լեզվակռիվ «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի եւ պարեկային ոստիկանության պետ Նիկա Կուպատաձեի միջեւ:

ՄԱՇ-ի առաջնորդ Նիկա Մելիայի հետ այնտեղ են նաեւ Միասնական ընդդիմության կողմից նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն եւ նրա շտաբի ղեկավար Գիորգի Վաշաձեն: