ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը կոչ է արել անցկացնել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության  «վստահության արժանի» հետաքննություն:

«Խիստ անհրաժեշտ է անցկացնել վստահության արժանի հետաքննություն եւ պատժել մեղավորներին»,-ասել է Գուտերիշը Դոհայում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ՝ նշելով, որ նա այդ գործի վերաբերյալ տեղեկություններ չունի, բացի ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության, հաղորդում է AFP-ն:

Սաուդյան լրագորղ Ջամալ Խաշոգջին սպանվել էր հոկտեմբերի 2-ին Ստամբուլում թագավորության հյուպատոսություն մուտք գործելուց քիչ անց: Սաուդյան Արաբիան բազմիցս մերժել է կասկածյալներին հանձնելու Թուրքիայի պահանջները, որոնք կապ ունեն թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանի քննադատ, լրագրողի սպանության հետ:

Նախօրեին  Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլյուտ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան «չի հանձնվելու», մինչեւ չպարզի սպանության մասին ճշմարտությունը: «Մենք չենք ստացել սաուդյան կողմից որեւէ նոր տեղեկատվություն կամ հետաքննության արդյունքներ»,-ասել է Չավուշօղլուն: