Հայաստանում այս պահին 2 քաղբանտարկյալ կա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց համաներմամբ ազատ արձակված Հայկ Կյուրեղյանը, որը, հիշեցնենք, դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված։
«Այս պահին Հայաստանում 2 քաղբանտարկյալ կա, որոնք պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Նրանք են «Սասնա ծռերի» կալանքի տակ գտնվող 2 ամդամները՝ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը»,- ասաց Հայկ Կյուրեղյանը։
Նրա խոսքով՝ հեղափոխության նպատակն այն էր, որ բոլոր քաղբանտարկյալները հայտնվեն ազատության մեջ, սակայն փաստացի Հայաստանում դեռ կան քաղբանտարկյալներ։
«Մենք սրա՞ համար էինք հեղափոխություն արել, որ «Սասնա ծռերի» որոշ անդամներ կալանքի տակ մնային։ Հայաստանում դեռ շատ բան պետք է փոխվի եւ առաջինը արդարադատության համակարգը, որը դեռ նորմալ չի գործում»,– հավելեց նա։
Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներից անազատության մեջ են մնացել միայն Արմեն Բիլյանը եւ Սմբատ Բարսեղյանը: Նրանք մեղադրվում են ՊՊԾ գնդում ոստիկանների սպանության համար եւ նրանց վրա համաներումը չի տարածվում։





























