Չնայած հարեւանների հետ կոնֆլիկտի՝ Քաթարը չի նախատեսում դուրս գալ Պարսից ծոցի պետությունների համագործակցության խորհրդից, որը կազմված է վեց արաբական միապետություններից, ՐԻԱ Նովոստի-ին հայտնել է Քաթարի արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդերահման ալ-Թանին ՄԱԿ-ի հետ ֆինանսական աջակցության մասին համաձայնագրի ստորագրման արարողությունից հետո:
Դեկտեմբերին Քաթարի Էմիրը չի մեկնել Սաուդյան Արաբիա մասնակցելու խորհրդի ամենամյա գագաթնաժողովին՝ չնայած սաուդյան թագավորի հրավերին՝ իր փոխարեն ուղարկելով ոչ ամենաբարձր մակարդակի ներկայացուցչին՝ արտաքին գործերի պետնախարարին (նախարար առանց պորտֆելի): Գագաթնաժողովն ամփոփելիս Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադիլ ալ-Ջուբեյրը հայտարարել է, որ համագործակցության խորհրդի լիիրավ անդամ կրկին դառնալու համար Քաթարը պետք է կատարի չորս երկրների պայմանները, որոնք խզել են նրա հետ հարաբերությունները:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Եգիպտոսը եւ ԱՄԷ-ն խզել են դիվանագիտական եւ առեւտրային հարաբերությունները Քաթարի հետ՝ մեղադրելով նրան ահաբեկչությանն օժանդակելու մեջ. Քաթարը հերքում է բոլոր մեղադրանքները:





























