Հարկավոր է  կարգավորել բջջային հեռախոսների վաճառքի  շուկան: Այս մասին դեկտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:

Նրա խոսքով, վերջին ժամանակներս վաճառվող բջջային հեռախոսների որակի վերաբերյալ սպառողների բողոքների աննախադեպ աճ է նկատվում: «Պետք է այս խնդիրը օրենսդրական մակարդակով կարգավորել, որպեսզի սպառողները հնարավորություն ունենան փոխարինել ոչ որակյալ արտադրանքը, քանի որ հաճախ խանութներում նոր բջջային հեռախոսի փոխարեն հին վերանորոգված հեռախոս են  վաճառում», - ասաց Հակոբյանը:

Նա հավելեց, որ եթե իշխանությունները ցանկանում են թեթեւացնել իրավիճակը, ապա հարկավոր է ընդհանրապես արգելել  անորակ բջջային հեռախոսների ներկրումը:

«Բջջային հեռախոսների շուկայից բացի Հայաստան ներկրվող տեխնիկայի բոլոր տեսակների համար եւս մեկ խնդիր կա, որը կապված է հայերենով պիտակի բացակայության հետ», - ասաց նա:

Մելիտա Հակոբյանը նաեւ հիշեցրեց, որ կա նաեւ դեղատներից ձեռք բերված արտադրանքի վերադարձի խնդիրը, որոնք դեղամիջոց չեն հանդիսանում: «Օրենքի համաձայն, գնված բարձրորակ դեղերի վերադարձը արգելվում է: Սակայն դեղատները, օգտագործելով օրենքի այս կետը, հրաժարվում են վերցնել այն ապրանքները, որոնք դեղ չեն, օրինակ, մանկական սնունդը», - բացատրեց նա:

ՀԿ-ի ղեկավարը նաեւ շեշտեց, որ շատ սուպերմարկետներում կամ ապրանքի գնապիտակը չկա կամ դրա վրա նշված գումարը իրականությանը չի համապատասխանում, ինչը մոլորեցնում է սպառողներին:

Փորձագետը նաեւ կարծում է, որ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի 23-րդ հոդվածը պետք է փոփոխել եւ խանութներին պարտավորեցնել փակցնել այն ապրանքների ցուցակները, որոնք ենթակա են  վերադարձի: