Պաշտպանության ոլորտում Հայաստանի եւ Բուլղարիայի համագործակցությունը եւ զենքի գնումը չի կարող որեւէ կերպ խոչընդոտել ռուսական զենքի մատակարարմանը: Նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝ News.am-ի խնդրանքով մեկնաբանելով EADaily-ի հրապարակումը:

Նրա խոսքով, Հայաստանը վաղուց է արդեն բուլղարական զենք  գնում: «Ինչպես նաեւ զենք է գնում մի շարք այլ պետություններից, այդ թվում` Սերբիայից եւ Չեխիայից: Ավելին, Հայաստանը բազմիցս հայտարարել է զենքի գնման շուկայի ընդլայնման իր մտադրության մասին», - հիշեցրեց փորձագետը:

Միեւնույն ժամանակ, նա ընդգծեց, որ այլ պետություններից հնարավոր գնումները չեն կարող ազդել հայ-ռուսական համագործակցության վրա, եւ առավել եւս խանգարել վարկի իրականացմանը:

Ավելի վաղ EADaily.com կայքը հայտնել էր, որ արդեն երկրորդ ամիսն է՝ Հայաստանին Բուլղարիայից սպառազինություն է մատակարարվում։ Բելառուսական ավիաընկերություններից մեկի Իլ-62 բեռնատար ինքնաթիռն օրումեջ Երեւան-Բուրգաս-Երեւան չվերթ է կատարում։ Փորձագետները կարծում են, որ խորհրդային տիպի զենքի զանգվածային մատակարարումները կարող են նախաձեռնված լինել ԱՄՆ-ի կողմից, որպեսզի խափանվի Երեւանի եւ Մոսկվայի միջեւ 100 մլն դոլարի պայմանագիրը։