«Սպառազինությունը եւ ռազմական տեխնիկան, որ կա ադրբեջանական բանակի տրամադրության տակ, կարող է ոչնչացնել թշնամու ցանկացած ռազմական դիրք եւ օբյեկտ»՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ տեղեկացնում է Ինտերֆաքս-Ադրբեջանը։

«Այսօր մեր ունեցած տեխնիկան եւ սպառազինությունը մեզ թույլ են տալիս բարձր աստիճանի ճշգրտությամբ եւ ավերիչ մեծ ուժով ոչնչացնել օկուպանտների ցանկացած ռազմական թիրախ»,- կարծում է նա։ «Իհարկե, մեր ունեցած հզոր ռազմական պոտենցիալը հանդիսանում է ղարաբաղյան հակամարտության լուծման հիմնական գործոնը»։

«Մեր բանակն այսօր ունակ է լուծել ցանկացած խնդիր, ինչի մասին են բացահայտորեն վկայում վերջին տարիների իրադարձությունները։ Կարող եմ ասել, որ բանակի հաջողված գործողության արդյունքում մեր լիակատար վերահսկողության տակ է անցել Նախիջեւանի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանի 11 հազար հեկտար տարածք»,- ասել է Ալիեւը։

Նրա խոսքերով՝ այդ օպերացիան Ադրբեջանի զինված ուժերին թույլ է տվել «իր վերահսկողության տակ առնել ռազմավարական բարձունքներ»։ «Այդ բարձունքների տիրապետումը մեզ թույլ է տալիս լիովին վերահսկել Հայաստանի տարածքում ռազմավարական ճանապարհներն ու կոմունիկացիաները»,- հավելել է նա։

Ալիեւը խոսել է զինված ուժերում ռազմական բարձր ոգու մասին։

Նա նաեւ հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակում է մեծացնել իր հզորությունը։ «Ուզում եմ ասել, որ այս տարի մենք կարեւոր շատ պայմանագրեր ենք ստորագրել։ Այդ պայմանագրերի կատարման արդյունքում երկիր կներմուծվի ժամանակակից սպառազինություն եւ տեխնիկա»,- ասել է Ալիեւը։