Հարավային Կորեայի հակահրդեհային դեպարտամենտից հայտնել են, որ ծովափնյա Կանին քաղաքի հյուրանոցներից մեկում գտել են երեք բարձրդասարանցիների դիակներ, եւս 7-ը վնասվածքներ են ստացել եւ հայտնաբերման պահին անգիտակից վիճակում էին, փոխանցում է Associated Press-ը:

Դեպարտամենտի ներկայացուցիչը գործակալությանը հայտնել է, որ պատճառը դեռեւս հայտնի չէ: Նա նշել է, որ ի թիվս այլոց, հյուրանոցի այս համարում կարող էր լինել գազի արտահոսք:

Ըստ նախնական տվյալների՝ իրավապահ մարմինները բացառել են ինքնասպանության փորձի հավանականությունը: Յոթ տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:

Դեպարտամենտի ներկայացուցիչը նշել է, որ ողբերգության զոհերը ավագ դասարանների աշակերտներ են, եւ ամենայն հավանականությամբ, քոլեջում քննությունների ավարտից հետո ճանապարհորդել են: