Դեկտեմբերի 17-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանն իր հավատարմագրերը հանձնեց Քուվեյթի Պետության Էմիր, Շեյխ Սաբահ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահին (Sheikh Sabah Al-Ahmad Al-Jaber Al-Sabah):

Հանձման արարողությանը հետեւած առանձնազրույցի ժամանակ Էմիր Ալ-Սաբահը ողջունեց ՀՀ դեսպանին եւ հաջողություն մաղթեց նրան պատասխանատու առաքելության մեջ։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ բարեմաղթանքների համար` դեսպան Բաղդասարյանը Էմիրին փոխանցեց Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի եւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնները, ինչպես նաեւ հավաստիացրեց, որ ջանք չի խնայի հայ-քուվեյթական հարաբերությունները բոլոր ուղղություններով ընդլայնելու գործում։ Նա միաժամանակ իր երախտագիտությունը հայտնեց Քուվեյթի Պետությանը աջակցության եւ փոխգործակցության համար՝ կարեւորելով տեղի հայ համայնքի կամրջող դերը երկու երկրների հարաբերություններում:

Պատասխան խոսքում երկրի ղեկավարը նշեց, որ Քուվեյթում հայերին եւ հայ համայնքին որպես եղբայրներ են ընկալում, եւ նրանք առանձնանում են իրենց աշխատանքով եւ օրինապահությամբ։