2018թ. ապրիլի 23-ին Երեւանի Սարալանջի փողոցում տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով մահացած 1,3 տարեկան Յուրի Պապովի ծնողները չեն հաշտվել վթարի մեղավորի՝ համաներմամբ ազատ արձակված Սարգիս Գյուլումյանի հետ։
NEWS.am–ի հետ զրույցում երեխայի մայրը՝ Տաթեւիկ Սեկոյանն ասաց, որ անիմաստ է համարում մթարի մեղավորի հետ հաշտվելը։
«Մի տեսակ էդ բառի իմաստն էլ էս դեպքում չեմ հասկանում, էդ մարդիկ երկու շաբաթվա ընթացքում գոնե մեկ անգամ հիվանդանոց չեկան, անգամ բժիշկների մոտ չեկան, որ հարցնեն՝ ոնց ենք ( մեր տաքսիստն էլ էր ծանր վիրավոր), դատական նիստերին էլ մեղադրյալի բարեկամները շատ անգամ, երբ դատախազը ներկայացնում էր գործի փաստերը ու ապացույցները լկտիաբար ճպացնում էին կամ քմծիծաղում, մեզ չեն էլ մոտեցել նույնիսկ նիստերի ընթացքում` օգոստոսից մինչեւ դեկտեմբեր»,–ասաց նա։
Սեկոյանի խոսքով՝ նման արարքների համար օրենքը բավականին մեղմ պատիժ է նախատեսում։
«Մարդ սպանելու համար դա շատ քիչ է, նույնիսկ եթե կանխամտածված չէ։ Իսկ նման մարդկանց համաներմամբ բաց թողնելն աբսուրդ է. անպատժելիությունը բերում է նման դեպքերի կտրուկ աճի»,–նշեց Սեկոյանը։
Նշենք, որ վթարի մեղավոր «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ 29-ամյա Սարգիս Գյուլումյանը, ով դատապարտվել էր 4 տարի ազատազրկման, մի քանի ամիս անազատության մեջ մնալուց հետո համաներմամբ ազատ էր արձակվել։
Տուժողի մոր խոսքով՝ պետությունը պետք է հոգ տանի, որպեսզի երեխաների տեղափոխումն իրականացվի «Carseat»–ով (ավտոմեքենայի մանկական նստատեղ)։
«Մեզ հետ պատահած դեպքի ժամանակ Հայաստանում ոչ մի տաքսի ծառայություն չուներ նման հնարավորություն, երբ մենք թեման բարձրաձայնեցինք, երկու ծառայություններ սկսեցին կիրառել։ Առհասարակ պետք է արգելել երեխաներին տեղափոխել առանց քառսիթ եւ օրենքից բացի իհարկե պետք է հետեւել ու պատժել օրինախախտներին։ Հիմա պարզեցինք, որ օրենքը կա, բայց չի գործում եւ երբեւէ չի գործել»,–հայտարարեց Սեկոյանը։
Երեխաների տեղափոխումը աթոռակով իրականացնելու հարցը վիճարկվել է նաեւ վթարի կապակցությամբ քննվող քրեկան գործով դատաքննության ընթացքում։
NEWS.am–ի հետ զրույցում Սարգիս Գյուլումյանի պաշտպան Համազասպուհի Գրիգորյանը նշեց, որ այդ հարցին անդրադարձել է իր պաշտպանական ճառում։
«Ես հայտարարել եմ, որ ճիշտ չէ առանց աթոռայի տեղափոխել երեխաներին։ Դրա վերաբերյալ կա նաեւ կառավարության որոշում, եւ բոլորը պետք է հետեւեն այդ պահանջին։ Այսօր Հայաստանում վարորդներն առանց աթոռակի երեխայի տեղափոխելու համար վարչական պատասխանատվության չեն ենթարկում, եթե մի քանի դեպքով տուգանվեին, այսօր այդ խնդիրը չէր լինի, եւ հնարավոր է երեխան փրկվեր»,–ասաց փաստաբանը՝ նշելով, որ այդ թերության մասին բարձրաձայնելով՝ իր մասնագիտական աշխատանքն է կատարել։
Անդրադառնալով կողմերի միջեւ հնարավոր հաշտեցմանը, փաստաբանն ասաց. «Դեպքից հետո մեղադրյալը փորձել է կապ հաստատել տուժողների հետ, սակայն նրանք չեն ցանկացել, տուժողները պաշտպանական կողմի հասցեին շատ վիրավորական խոսքեր են հնչեցրել, բայց մենք չենք արձագանքել՝ հարգելով մարդկանց վիշտը»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ 2018թ․ ապրիլի 23-ին Սարգիս Գյուլումյանն «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Սարալանջ փողոցով բարձր արագությամբ երթեւեկել է դեպի Ազատության պողոտայի կողմը, որի ընթացքում ընթարվել է Դավիթ Արզումանյանի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային, որն էլ ընդհանրվել է բետոնե պատնեշին։ Վթարի հետեւանքով մահացել է «Մերսեդես» ավտոմեքենայի մանկահասակ ուղեւոր Յուրի Պապովը։





























