ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ երկու ոլորտներ կան, որոնք առաջային տեխնոլոգիական լուծումների կարիք ունեն՝ պետական կառավարման ոլորտը եւ ռազմաարդյունաբերական համալիրը։
Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, երիտասարդ ձեռներեցների հետ հանդիպման ժամանակ նա համոզմունք հայտնեց, որ պետական կառավարման ոլորտի թվայնացումը կարեւոր փոփոխություն կմտցնի մարդկանց առօրյա կյանքում. «Մարդկանց ամենօրյա կյանքի փոփոխության առումով թվայնացումը առավել կարեւոր է, որ մարդը պետական մարմինների հետ շփվելիս անընդհատ ստիպված չլինի այստեղից այնտեղ վազել, տարբեր թղթեր վերցնել, տարբեր տվյալներ բերել»։
Ռազմաարդյունաբերական համալիրում տեխնոլոգիական նոր լուծումների վերաբերյալ Փաշինյանը շեշտեց՝ ժամանակակից աշխարհում անվտանգության մարտահրավերները տեխնոլոգիաների ամենամեծ շարժիչ ուժն են. «Ինտերնետը, որն այսօր հասանելի է բոլորիս, իսկզբանե ծառայել է անվտանգության նպատակներին։ ՀՀ–ի համար շատ կարեւոր է նոր տեխնոլոգիական լուծումներ գտնել, որ անվտանգության նոր մարտահրավերներին նորովի արձագանքենք, օպերատիվ արձագանքելու հնարավորություն ունենանք»։
Վարչապետի պաշտոնակատարը հավելեց՝ անվտանգության սպասարկման ոլորտում տեխնոլոգիական նոր լուծումները կառավարության համար առաջնահերթություն են. «Գոյություն ունի ավանդական սպառազինություն, օրինակ, տանկը, բայց 21-րդ դարում ավանդական սպառազինության դերը նվազում է, քանի որ ժամանակակից աշխարհում ստեղծվում են զինատեսակներ, որոնք կարողանում են հաղթահարել շատ ավելի ծանրակշիռ զինատեսակների, ուստի մեզ համար առաջնահերթություն է մեր անվտանգության սպասարկման ոլորտում բերել տեխնոլոգիական նոր լուծումներ»,- եզրափակեց նա։





























