Հայաստանում մի կարեւոր բան է տեղի ունեցել. դեկտեմբերի 9-ին վերջակետ դրվեց քրեաօլիգարխիկ կառավարման համակարգին, որն իր խաղի կանոններն ուներ, որտեղ ընդդիմության դերն էլ ուրիշ էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Նրա խոսքով, նախկինում քաղաքական պայքարի մի կողմում քրեաօլիգարխիկ համակարգն էր, որին ներկայացնում էր ՀՀԿ-ն, իսկ մյուս կողմից ժողովուրդն էր. «Այդ պայմաններում պայքար էր գնում տարբեր ուժերի կողմից, թե ով է ներկայացնելու ժողովրդի շահերը, ով է իրական ընդդիմությունը, որը կարող է մարտահրավեր նետել քրեաօլիգարխիկ համակարգին: Հիմա ամեն ինչ փոխվել է: Հիմա ԱԺ-ում կա երեք ուժ, որոնք լեգիտիմ են, ունեն իրենց ընտրազանգվածը եւ պետք է ներկայացնեն իրենց ընտրազանգվածի, ոչ թե ամբողջ ժողովրդի շահերը: Եթե այդ ուժերը ինչ-որ հարցերում ունենան շահերի համընկնում, կգործեն միասին, եթե չունենան շահերի համընկնում, դեմ կքվեարկեն այս կամ այն օրինագծին»,-ընդգծեց Արմեն Բադալյանը:
Նա ընդգծեց, որ «Լուսավոր Հայաստանը» ընկալվում է որպես արեւմտամետ ուժ եւ նրանք ընդդիմություն են «Իմ քայլին». «Եթե «Իմ քայլը», որի ղեկավարը վերջին ամիսներին ծայրահեղ ռուսամետ քաղաքականություն է իրականացնում, բերում է մի նախագիծ, որով ինտեգրումը ռուսական համակարգերին շատ ավելի է խորանում, բնականաբար «Լուսավոր Հայաստանը» անգամ արմատական մեթոդներով կարող է պայքարել: Իսկ եթե բերում է մի նախագիծ, երբ այդ երկու ուժերի մոտեցումները շատ չեն տարբերվում, նրանք կարող են միասնաբար կողմ քվեարկել: Հիմա պետք է հասկանալ քո ընտրազանգվածի շահերը եւ սպասարկել դրանք»:
Հարցին, թե ինչպես է գնահատում փաստը, որ վերջին օրերին ԲՀԿ-ի եւ «Լուսավոր Հայաստան»-ի միջեւ «փոխհրաձգություն» է տեղի ունենում, նա պատասխանեց. «Ցավոք, ոչ ԲՀԿ-ն, ոչ «Լուսավոր Հայաստանը» նոր քաղաքական իրողությունը այնքան էլ լավ չեն հասկացել, ինչը երեւում է նրանց փոխադարձ հրաձգությունից: Դրանով նրանց ցույց են տալիս, որ մնացել են հին համակարգի տրամաբանության ու կանոնների մեջ, եւ կարծես պայքար են մղում «իրական ընդդիմության» տեղի համար: Այդ փոխհրաձգությունը հին համակարգում տրամաբանված էր, իսկ նոր քաղաքական համակարգում անիմաստ է»:
Հարցին,թ ե հնարավո՞ր է, որ ԱԺ ներսում ընդդիմության բացակայությունը բերի նրան, որ մեծ դեր ստանա արտախորհրդարանական ընդդիմությունը, այդ թվում ՀՀԿ-ն, Արմեն Բադալյանն արձագանքեց. «Եթե այս երկու ուժերը՝ ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը» չհասկանան նոր իրողությունները եւ շարունակեն այս անիմաստ փոխհրաձգությունը, նրանց գործունեությունն այլեւս հետաքրքրություն չի ներկայացնի: Այդ դեպքում՝ իշխանությունից դժգոհություն ունեցող հասարակական հատվածը իր հայցքը կուղղի խորհրդարանից դուրս գտնվող ուժերին: Այստեղ արդեն հարց է, թե խորհրդարանից դուրս ով կկարողանա նյութականացնել այդ դժգոհությունը: Կլինի դա ՀՀԿ-ն, թե ՀԱԿ-ը, թե ՀՅԴ-ն, թե «Սասնա ծռերը», այս պահին դժվար է ասել, որովհետեւ բոլորն էլ շատ լուրջ խնդիրներ ունեն: Նրանք բոլորն էլ ռեբրենդինգի կարիք ունեն: կախված նրանից, թե ով ավելի արդյունավետ ռեբրենդինգի կենթարկվի եւ ինչ արագությամբ, ըստ այդմ, կախված կլինի, թե ինքը կկարողանա դառնալ իշխող ուժի այլընտրանքը խորհրդարանից դուրս»,-իր խոսքն ամփոփեց նա:





























