Եթե թանգարանն արգելում է իր ցուցանմուշների լուսանկարումը, ապա այցելուներն իրավունք չունեն լուսանկարել նկարները եւ տեղադրել դրանք համացանցում՝ վճռել է ԳԴՀ Դաշնային դատական պալատը՝ տեղեկացնում է DW-ն։

Վճիռը կայացվել է Վիքիպեդիայի աշխատակցի գործով, ով 2007թ․ Մանհեյմում գտնվող Ռայս-Էնգելհորնի թանգարանում լուսանկարել էր նկարները, ինչպես նաեւ սքանավորել թանգարանային կատալոգի լուսանկարները, այնուհետեւ իր արած լուսանկարները հրապարակել Վիքիպեդիայում։

Կատալոգից սքանավորումը հեղինակային իրավունքների խախտում է, քանի որ լուսանկարիչը դա արել էր թանգարանային հրատարակությունների համար եւ այդ թանգարանին էր տվել հրատարակման իրավունքը։ Ինչ վերաբերում է լուսանկարներին, ապա դրանք պաշտպանության տակ են առնված, քանի որ լուսանկարիչը, լուսանկարելով, մի շարք գեղարվեստական որոշումներ է կայացնում, որոնք վերաբերում են տեղին, հեռավորությանը, նկարահանման անկյանը, լուսավորությանը եւ կադրավորմանը։

Դատարանը նաեւ ընդգծել է, որ Վիքիպեդիայի աշխատակիցը, լուսանկարելով թանգարանում, խախտել է տվյալ թանգարանի կանոնները, որոնք արգելում են լուսանկարահանումներն այդ թանգարանում։