Ֆրանկֆուրտի պետական դատարանը հայտարարել է, որ չի դատի նացիստական նախկին մահվան ճամբար Մայդանեկի նախկին հսկիչին՝ պայմանավորված այն հանգամանքով, որ 97-ամյա տղամարդը դատարանի առջեւ կանգնելու համար չափից ավելի է հիվանդ, փոխանցում է AP-ն:
Բժշկական եզրակացության համաձայն՝ տղամարդը, ում մեղադրանք է առաջադրվել 2017 թվականի օգոստոսին, չի կարող «պատշաճ կերպով» հետեւել դատավարությանը, եւ դատավարությունը կարող է «զգալի վտանգ» ներկայացնել նրա կյանքին:
Կասկածյալին, ում անունը չի հրապարակվում, մեղադրանք է ներկայացվել, որ 1943 թվականի օգոստոսից 1944 թվականի հունվար ժամանակահատվածում նացիստների կողմից օկուպացված Լեհսատանում ծառայել է ճամբարում: Դատախազները պնդում են, որ նա այնտեղ աշխատել է ԷսԷս-ի ստորաբաժանման կազմում որպես հսկիչ:
Նրան, մասնավորապես, մեղադրել են 1943 թվականի նոյեմբերի 3-ին «Էրնտեֆեստ» կամ «Բերքի տոն» գործողության աջակցության մեջ: Այդ օրը Մայդանեկից ոչ պակաս 17 հազար հրեա բանտարկյալներ եւ այլ անձինք գնդակահարվել են ճամբարի մոտ գտնվող ջրանցքներում: Մայդանեկի բարձրախոսներից երաժշտություն էր հնչել՝ սպանությունների ձայնը խլացնելու համար:





























