Իսպանիայի կառավարության դեմ ուրբաթ երեկոյան բազմամարդ բողոքի ցույցեր են սկսվել Բարսելոնայում։ Դրանց կազմակերպիչներն այն շարժումներն են, որոնք երկրի կազմից Կատալոնիայի դուրս գալու կողմնակից են՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես հայտնում է La Vanguardia թերթը, ակցիաների կարգախոսն է․ «Տապալենք ռեժիմը․ Հանուն սոցիալական եւ քաղաքական իրավունքների, հանուն ինքնորոշման, ընդդեմ ճնշումների»։ Ցույցերի մասնակիցները կոչ են անում ազատել ձերբակալված մարզային քաղաքական գործիչներին, որոնք իբր կապված են եղել անջատողական ուժերի հետ։
Բողոքի այսպիսի պոռթկման համար առիթ է հանդիսացել Իսպանիայի նախարարների խորհրդի նիստը, որը ցերեկն անցկացվել է Բարսելոնայում։ Օրվա ընթացքում Կատալոնիայում արդեն տեղի են ունեցել բազմամարդ ակցիաներ, որոնց ընթացքում ոստիկանության հետ բախումներ են եղել։
Այս ամենի հետեւանքով կալանավորվել է 13 մարդ։ Բացի այդ, հայտնում են 77 տուժածների մասին։





























