Ֆրանսիական ոստիկանությունը 220 մարդ է կալանել «դեղին բաճկոնավորների» բողոքի ցույցի ժամանակ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով France Info ռադիոկայանին։

Նշվում է, որ 81 մարդ պահվում է կալանքի տակ։ Մինչ այդ Փարիզում կալանվել էր ավելի քան 140 մարդ։

ՆԳՆ տվյալներով, որոնց հղում են կատարում ֆրանսիական լրատվամիջոցները, 18։00-ի դրությամբ ցույցերին մասնակցել է ավելի քան 38 հազար մարդ երկրի ամբողջ տարածքում։ Անցած շաբաթ փողոցներ են դուրս եկել 66 հազար «դեղին բաճկոնավորներ», նշում է ներքին գործերի նախարարությունը։

Շաբաթ երեկոյան Ելիսեյան դաշտերում տեղի են ունեցել բախումներ ցուցարարների եւ ոստիկանության միջեւ։ Իրավապահ մարմինները կիրառել են արցունքաբեր գազ եւ ջրնետ մեքենաներ։ Ներկայում շարժման մասնակիցները լքել են պողոտան, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ի թղթակիցը։

«Դեղին բաճկոնավորները» վեցերորդ շաբաթն անընդմեջ ցույցեր են իրականացնում։