Հայաստանի խորհրդարանում մարտի 10-ին օտարերկրացի փորձագետների մասնակցությամբ կայանալու են լսումներ զինված ուժերում ներքին եւ արտաքին կարգապահական կանոնագրքերի վերաբերյալ: Այդ մասին «Բանակում մարդու իրավունքների պաշտպանությունը» խորագրով կլորի սեղանի ընթացքում հայտարարել է պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Հրայր Կարապետյանը:

Հայկական բանակում բարեփոխումների շրջանակներում Կարապետյանն ընդգծել է ռազմական օմբուդսմենի ինստիտուտի ստեղծման անհրաժեշտությունը: Այդ կապակցությամբ Հայաստանի պաշտանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը NEWS.am-ի թղթակցին հայտնել է, որ հարցը դեռ քննարկման փուլում է եւ պաշտպանության նախարարությունը դեռ որոշում չի կայացրել այդ կապակցությամբ:

Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը քննարկմանը կարդացել է նախարար Սեյրան Օհանյանի ուղերձը եւ ընդգծել բանակում ժողովրդավարական բարեփոխումների անցկացման, կարգապահության ամրապնդման, բանակ-հասարակություն կապերի ամրապնդման անհրաժեշտությունը: