Թեեւ հայկական բանակն այսօրվա դրությամբ տարածաշրջանի ամենամարտունակն է, սակայն ԶՈՒ ուժը չափվում է ոչ միայն մարտունակությամբ, այլ նաեւ կրթական եւ կարգուկանոնի մակարդակներով, «Մարդու իրավունքների պաշտպանությունը բանակում» թեմայով փետրվարի 22-ին կայացած կլոր սեղանի ժամանակ ասաց Ազգային եւ ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը։
Նա ընդգծեց, որ բանակում տեղի ունեցած սպանությունների եւ ինքնասպանությունների վերջին միջադեպերը ծայրահեղ անհանգստություն են առաջ բերում եւ այդ գործերի հետաքննության մեջ շատ ուշադիր պետք է լինել։ Կիրակոսյանի խոսքով, համապատասխան օրենքների ընդունումը շատ կարեւոր է, սակայն ոչ պակաս կարեւոր է նաեւ այդ օրենքների կիրառությունը։ «Այո, Հայաստանի ՊՆ-ն մշտապես անհանգստություն է հայտնում յուրաքանչյուր միջադեպի առնչությամբ, սակայն դրան պետք է հետեւեն Զինված ուժերում կարգուկանոնի բարձրացման քայլերը»,- նկատեց փորձագետը։
«Հայաստանն այլեւս ոչ թե սպառող, այլ անվտանգության միջազգային երաշխավոր տարր է, այդ է պատճառը, որ մենք պետք է անհանդուժող լինենք հանրապետության Զինված ուժերում կատարված յուրաքանչյուր իրավախախտման նկատմամբ»,- ամփոփեց նա։





























