Պենտագոնի մամուլի քարտուղար Դանա Ուայթը ենթակաների հետ ոչ կոռեկտ վերաբերմունքի հետ կապված սկանդալի պատճառով հրաժարական է տվել:

Twitter-ի էջում Ուայթը գերատեսչության աշախատկիցներին ուղղված հրաժեշտի նամակ է հրապարակել, գրում է Lenta-ն՝ հղում անելով   NBC News-ին:

Օգոստոսին Ուայթին բացահայտել էին աշխատանքի ժամանակ աշխատակիցներին անձնական հանձնարարություններ տալու մեջ: Նրա խնդրանքով ենթակաները նրան զուգագուլպաներ էին գնում, իրերը քիմմաքրման տալիս եւ ուտելիք գնում: Պենտագոնի մամուլի քարտուղարը աշխատակիցներին խնդրում էր օգնել նաեւ անձնական ուղեւորությունների կազմակերպման հարցում եւ ստիպում էր նրանց զանգել խնամակալության ծառայություն՝ երեխա որդեգրելու համար:

Քննիչները կուսումնասիրեն նաեւ այն փաստը, որ Ուայթը, իր վարքից բողոքող առնվազն 4 աշխատակցի  հեռացրել է աշխատանքից: Պենտագոնի էթիկայի վարքականոնում նշվում է, որ աշխատակիցը չի կարող ենթականերին խնդրել աշխատանքային ժամանակը անձնական հրահանգները կատարելու համար օգտագործել:

Ուայթը հրաժարականի մասին հայտարարել էր մի քանի ժամ անց, երբ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը, որի լիազորությունների ժամկետն ավարտվում է հունվարի մեկին, հրաժեշտ էր տվել գործընկերներին: Մամուլի քարտուղարի պաշտոնակատար  կնշանակվի Չարլզ Սամերը: