Եվրոգոտում ինֆլյացիան դեկտեմբերին դանդաղել է 8 ամսում մինչեւ նվազագույն մակարդակ, վկայում են Եվրամիության Վիճակագրական վարչության (Eurostat) տվյալները, փոխանցում է Vesti-ն: 

Դեկտեմբերին եվրոգոտում սպառողական գներն աճել են տարեկան արտահայտությամբ 1,6 տոկոսով:

Մեկ ամիս առաջ ինֆլյացիան կազմել էր 1,9 տոկոս: Եվրոպական կենտրոնական բանկը ինֆլյացիայի թիրախային ցուցանիշ էր սահմանել «2 տոկոսից մի փոքր ցածր» մակարդակում:

Սպառողական գները, առանց հաշվի առնելու էներգակիրների, սննդամթերքի եւ ալկոհոլի գները (CPI Core համաթիվ), դեկտեմբերին տարեկան արտահայտությամբ աճել են 1 տոկոսով՝ մեկ ամիս առաջվա համանման աճից հետո:

Ինֆլյացիայի դանդաղումը հիմնականում պայմանավորված է նավթի գների անկմամբ:

Անցյալ ամիս էներգակիրների արժեքն աճել է տարեկան արտահայտությամբ 5,5 տոկոսով՝ նոյեմբերին 9,1 տոկոս աճից հետո:

Դեկտեմբերին սննդամթերքը, ալկոհոլը եւ ծխախոտը թանկացել են 1,8 տոկոսով՝ մեկ ամիս առաջվա 1,9 տոկոսով գնաճից հետո: Ծառայությունների գները երկորդ ամիսն անընդմեջ աճել են 1,3 տոկոսով:

Դեկտեմբերին Գերմանիայում ինֆլյացիան դանդաղել է 2,2 տոկոսից մինչեւ 1,7 տոկոս, Ֆրանսիայում՝ 2,2 տոկոսից մինչեւ 1,9 տոկոս: Իսպանիայում սպառողական գներն աճել են 1,2 տոկոսով՝ նոյեմբերին 1,7 տոկոսով աճից հետո:

Եվրոպական կենտրոնական բանկը դեկտեմբերի նիստի արդյունքներով կրկին հայտարարել է, որ մտադիր է առանցքային տոկոսադրույքները իրենց ներկայիս մակարդակում պահպանել առնվազն մինչեւ 2019-ի ամառ: Կարգավորողը նաեւ հաստատել է, որ ակտիվների զուտ գնումները կդադարեցվեն դեկտեմբերի վերջին: ԵԿԲ-ն ինֆլյացիայի կանխատեսումը 2018 թվականի 1,7 տոկոսից մեծացրել է մինչեւ 1,8 տոկոս: Ընդ որում՝ 2019 թվականի կանխատեսումը նվազեցվել է 1,7 տոկոսից մինչեւ 1,6 տոկոս: