Ամերիկյան General Motors Co. ավտոմեքենաշինական կոնցեռնը եւ DoorDash Inc. սննդամթերքի առաքման ծառայությունը հայտարարել են գործընկերության մասին՝  անվարորդ ավտոմեքենաների օգտագործմամբ հաճախորդներին սնունդի առաքման տեխնոլոգիայի թեստավորման նպատակով, փոխանցում է «Ինտերֆաքսը»: 

Ակնկալվում է, որ ծրագիրը կմեկնարկի մարտին եւ կներառի ինչպես ռեստորաններից պատրաստի սնունդի առաքումը, այնպես էլ սուպերմարկետներից մթերքների:

Վերջին շրջանում ընկերություններն ակտիվորեն զարգացնում են ինքնակառավարվող ավտոմեքենաների տեխնոլոգիայի շուրջ բիզնես մոդելները՝ հաշվի առնելով այնպիսի առավելությունների օգտագործումը, ինչպիսին է ուղեւորությունների արժեքի նվազեցումը վարորդի բացակայության հաշվին: Ford Motor-ի գնահատմամբ՝ ինքնավար մեքենաների օգտագործմամբ հաճախորդին ապրանքի առաքման բիզնեսի ծավալը 2026 թվականին կարող է հասնել 130 մլրդ դոլարի:

Ford-ն ինքը գործընկերություն է կազմակերպել Domino's Pizza պիցցերիայի ցանցի հետ, իսկ մրցակից Pizza Hut-ը համագործակցում է Toyota Motor-ի հետ:

Ինքնակառավարվող Cruise ավտոմեքենաների մշակման GM ստորաբաժանումը, որը 1 մլրդ դոլարով ընկերությունը ձեռք էր բերել 2016 թվականին, նախկինում գլխավորապես կենտրոնացել էր տաքսի ծառայության վրա: DoorDash-ի հետ գործընկերությունը կդառնա ապրանքների առաքման ոլորտում ընկերության առաջին նախագիծը:

Ներդրումների ներգրավման վերջին ռաունդի շրջանակում Cruise արժեքը գնահատվել է 14,6 մլրդ դոլար: Ընկերության ներդրողներն են Honda Motor եւ SoftBank Group ընկերությունները:

DoorDash-ի արժեքը գնահատվում է 4 մլրդ դոլար: GM-ի բաժնետոմսերը ուրբաթ նախնական սակարկությունների ժամանակ նվազում են 0,2 տոկոսով: Վերջին 12 ամիսներին ընկերության կապիտալիզացիան նվազել է 27 տոկոսով՝ հասնելով մինչեւ 47,5 մլրդ դոլարի: