Ոչ թե Չիկագոյում, այլ Բաքվի արվարձաններից մեկում վերջերս մաֆիոզ քաշքշուկների «լավագույն ավանդույթներով» իրականացված ավտոմոբիլի կրակակոծությունը արդյունք էր քրեական երկու կլանների ներկայացուցիչների միջեւ տարաձայնությունների, տեղեկացնում է Sputnik Ադրբեջանը՝ հղում կատարելով իրավապահ մարմինների աղբյուրներին։
Հինգշաբթի օրը՝ 2018թ. դեկտեմբերի 27-ին, Քեշլյա ավանի տարածքում 34-ամյա Իսմայլով Զաուր Զուլֆուղար օղլին ԱԿ-74 ինքնաձիգից կրակ է բացել Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենայի վրա, սպանվել է վարորդը՝ 27-ամյա Թուրալ Բաբաեւը, ծանր վիրավորվել է 30-ամյա Ասիֆ Բաղիրովը։ Վերջինը տեղափոխվել է թիվ 3 քաղաքային կլինիկական հիվանդանոց։
Երկու օր անց Բաքվի ոստիկանության քրեական հետախուզության օպերատիվայինները կալանել են կասկածյալ Իսմայլովին, որը կամովին հանձնվել է իշխանություններին։ Կալաշնիկովի ինքնաձիգը, որից կատարվել է սպանությունը, առգրավվել է։
Նախաքննությունը պարզել է, որ Իսմայլովը մտնում է քրեական այն խմբավորման կազմի մեջ, որն ավելի վաղ ղեկավարում էր «օրենքով գող» Ռովշան Ջանիեւը (Ռովշան Լենքորանցի), որը սպանվել է 2016թ. օգոստոսին Ստամբուլում։ Իսկ սպանված Բաբաեւը մեկ այլ քրեական հեղինակության եւ ադրբեջանական մաֆիայի բոս Նադիր Սալիֆովի (Լոթու Ղուլի) մարդն էր։
Ըստ առկա տեղեկատվության՝ կողմերի միջեւ հակամարտությունը ծագել էր այն պատճառով, որ Բաբաեւը, ճնշում գործադրելով, փորձում էր Իսմայլովին թեքել դեպի իր ավազակախումբը։ Սակայն Իսմայլովը կտրականապես մերժել էր եւ ֆիզիկապես ոչնչացրել հակառակորդին։
Նշվում է, որ ներկայում Ղուլին գտնվում է Ադրբեջանում։





























