Աֆղանստանի իշխանությունները հայտարարել են ջրերի հանկարծակի վարարման հետեւանքով առնվազն 30 գյուղաբնակների մահվան մասին, որոնք մեկնել էին ոսկի որոնելու չորացած գետի հունի մեջ, հաղորդում է Fox News-ը:
Ողբերգական պատահարը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արեւելքում՝ Բադախշան նահանգում:
Նահանգի նահանգապետ Նեք Մուհամեդ Նազարիի մամուլի քարտուղարը հայտնել է, որ տասնյակ մարդիկ են վիրավորվել, երբ կիրակի առավոտյան հանկարծակի տեղի է ունեցել ջրերի վարարումը:
Նազարին պատմել է, որ ողբերգության պահին մարդիկ գտնվում էին չորացած գետի հունի խորքում, որը ժամանակին լի էր ոսկով: Ամենայն հավանականությամբ նրանք հույս ունեին կրկին գտնել թանկարժեք մետաղը:
Աֆղանստանի իշխանությունների մեկ այլ ներկայացուցիչը՝ Բադախշանից օրենսդիր Ֆոզիա Քոֆին իր հերթին հայտնել է, որ զոհերի թիվը հասնում է 40-ի:





























