Բրիտանական The Daily Mail-ը հղում անելով ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնին, մանրամասներ է հաղորդել Ռուսաստանի նախկին նախագահ Բորիս Ելցինի տարօրինակ պահվածքի մասին: «Հարբած Ելցինը, միայն վարտիքը հագին մի անգամ տաքսի էր կանգնեցնում Վաշնգթոնում Սպիտակ Տան մոտ: Նա հավատացնում էր, որ գնում է պիցցա բերելու»,- գրում է բրիտանական թերթը:
Մի ուրիշ անգամ, թիկնապահները Ելցինին հարբած գողի տեղ են դրել, երբ տեսել են, որ նա օրորվելով քայլելիս է եղել հյուրերի համար նախատեսված առանձնատան նկուղում:
Ամերիկյան պատմաբան Թեյլոր Բրենչն իր նոր գրքում, անդրադառնալով Ելցինին՝ գրում է, որ նա Կրեմլի «գերին» էր եւ որ նրա հարբած ժամանակ կատարած արարքները կարող էին միջազգային սկանդալի պատճառ դառնալ: Սպիտակ Տան մոտ Ելցինի մերկ վիճակում տաքսի կանգնեցնելու մասին Քլինթոնին զեկուցել են հատուկ ծառայությունների աշխատակիցները: ՌԴ նախագահին հաջողվել էր ռուս թիկնազորի աչքից աննկատ դուրս պրծնել եւ արկածներ որոնել ամերիկյան մայրաքաղաքում:
Հիշեցնենք նաեւ, որ 1991-99 թվականներին ՌԴ նախագահ եղած Բորիս Ելցինը մի անգամ այնքան հարբած է եղել, որ չի կարողացել դուրս գալ Իռլանդիա ժամանած ինքնաթիռից: Մեկ ուրիշ անգամ դիրիժորություն է արել զինվորական նվագախմբի համար, որի ժամանակ սայթաքել է: Ամերիկյան քաղաքական գործիչների պնդմամբ, Ելցինը երբեմն հարբած էր լինում նաեւ բանակցությունների ժամանակ, իսկ մի անգամ Քլինթոնին առաջարկել է հանդիպել սուզանավում:
Ելցինը մահացել է 2007 թվականին:




























