Թերթը գրում է, որ վերջին շրջանում գրեթե ամեն օր այս կամ այն սննդամթերքի գինը բարձրանում է։ Ընդ որում՝ հիմնականում առաջին անհրաժեշտության լայն սպառման ապրանքատեսակների։
Պաշտոնական տվյալներով, վերջին տարվա ընթացքում Հայաստանում պարենային ապրանքները թանկացել են 15 տոկոսով։ Այս ցուցանիշը, սակայն, ամբողջական պատկերացում չի տալիս թանկացումների մասին, որովհետեւ գների բարձրացումը ավելի մեծ է հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների դեպքում։
Այսպես. ցորենի 1 կիլոգրամի գինը Հայաստանում բարձրացել է 41 դրամով եւ փետրվարի 1-ի դրությամբ եղել է 178 դրամ (թանկացել է շուրջ 30 տոկոսով)։
Ցորենի գնի բարձրացումն ուղղակիորեն արտահայտվել է դրան զուգակից այլ սննդամթերքների գների վրա։ Բարձր տեսակի ալյուրը թանկացել է 56 դրամով (կիլոգրամը)։ Շուրջ 30 դրամով բարձրացել է առաջին տեսակի ալյուրի գինը։ Որքան էլ տարօրինակ է, ալյուրի գնային այս փոփոխությունը համարժեք չի արտահայտվել հացի գների վրա։ Եթե բարձր տեսակի հացի 1 կիլոգրամը վերջին մեկ տարվա ընթացքում թանկացել է 100 դրամով՝ հասնելով 455 դրամի, ապա առաջին տեսակինը՝ 25 դրամով (վերջինիս 1 կգ գինը՝ 380 դրամ)։
Վերջին մեկ տարվա ընթացքում հացահատիկային կուլտուրաներից առավել շատ թանկացել է հնդկացորենը։ Այս սննդամթերքի գինը կրկնապատկվել է։ Եթե անցած տարվա հունվարին Երեւանի խանութներում այն հնարավոր էր ձեռք բերել 534, ապա այս տարվա հունվարին՝ 1070 դրամով։ Համեմատաբար քիչ է բարձրացել բրնձի գինը՝ 1 կգ հաշվով ընդամենը 45 դրամով։
Թանկացումների շղթան բավական մեծ է նաեւ մսամթերքի դեպքում։ Անցած մեկ տարվա ընթացքում, ըստ պաշտոնական վիճակագրության, տավարի միսը թանկացել է շուրջ 660-ով (միջինը՝ շուրջ 2,5 հազար դրամ)։ Գնաճը գերազանցում է 35 տոկոսը։ Այսպիսի կտրուկ թանկացման հետեւանքով արդեն հունվարին տավարի եւ խոզի մսի գները գրեթե հավասարվել են։ Ընդ որում, խոզի մսի շուկայում անցած մեկ տարվա ընթացքում գները գրեթե մնացել են անփոփոխ։
Շարունակվել է ոչխարի մսի գնաճը, որը սկսվեց 2009թ. վերջից՝ կապված արտահանման ծավալների կտրուկ ավելացման հետ։ Անցած մեկ տարվա ընթացքում ոչխարի մսի կիլոգրամը թանկացել է եւս 450-ով (հասել շուրջ 3,3 հազար դրամի)։ Այդպես էլ չարդարացան այն կանխատեսումները, որ արձանագրված կտրուկ թանկացումից հետո ոչխարի միսը դարձյալ կէժանանա։ Մսամթերքի շուկայում համեմատաբար ցածր է եղել թռչնի մսի գնաճը. ընդամենը 100 դրամ՝ 1 կգ հաշվով։
Շուրջ 320 դրամով թանկացել է լճերում բուծվող իշխանը (1 կգ գինը Երեւանում հասել է 2040 դրամի)։
Վերջին մեկ տարվա ընթացքում «Լոռի» պանիրը թանկացել է շուրջ 800 դրամով՝ հասնելով 2500 դրամի։ «Չանախի» գինը բարձրացել է 650 դրամով։ 800 դրամով թանկացել է տնական պանիրը։ Պանրի տարբեր տեսակների գները վերջին մեկ տարվա ընթացքում բարձրացել են 30-35 տոկոսով։
Գների աճը մեծ է գյուղմթերքների դեպքում։ Ռեկորդային մակարդակի է հասել կարտոֆիլի գինը. անցած տարվա համեմատ թանկացել է ավելի քան 2,5 անգամ՝ գերազանցելով 270 դրամը։ Կաղամբի գները բարձրացել են 60-70 դրամով (կամ շուրջ 55 տոկոսով)։
Գրեթե երեք անգամ թանկացել է խնձորը, 450 դրամով կամ 70 տոկոսով բարձրացել է տանձի գինը։
Առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացումները բնականաբար միայն այսքանով չեն սահմանափակվում։ Դրանք ընդգրկում են գրեթե բոլոր շուկաները։




























