Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ է գումարում, որտեղ քննարկելու է մեկ հարց` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Ռուբեն Գեւորգյանին («Ծաղիկ Ռուբո») համամասնական ընտրակարգով Ազգային ժողովի պատգամավոր գրանցելու մասին:

ԲՀԿ մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ԲՀԿ խմբակցության պատգամավորներից Ռուբիկ Հարությունյանը սեպտեմբերին 11-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, եւ քանի որ նա պատգամավոր էր ընտրվել ԲՀԿ համամասնական ցուցակով, ապա հիմա պատգամավոր պետք է դառնա այդ ցուցակում հաջորդ համարը: «Ռոտացիոն կարգով, համամասնականով հաջորդ համարը Ռուբեն Գեւորգյանն է», — ասաց Խաչիկ Գալստյանը: Ռ. Գեւորգյանը նախկինում արդեն եղել է ԱԺ պատգամավոր, ապա նաեւ Դավիթաշենի թաղապետ: Նա հանրությանը հայտնի է նաեւ «Ծաղիկ Ռուբո» մականունով: