Կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել հայտնի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Ռուբեն  Ֆանարջյանը եւ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար, Գարեգին Բ վեհափառ հայրապետի մամուլի խոսնակ տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը: 

Յուրաքանչյուրի կողմից 15 մլն-ական դրամ վճարելուց հետո Մայրապետյանին թույլ են տվել մեկնել երկրից:

NEWS.am-ի հետ զրույցում տեր Վահրամ քահանա Մելիքյանը նշեց, որ երկար տարիներ է` մտերիմ հարաբերություններ ունի Մայրապետյանի  հետ:

«Մշտապես գնահատել եմ իր տեսակը եւ այն ծառայությունները, որ նա մատուցել է մեր հայրենիքին եւ եկեղեցուն»,-ասաց նա` հավելելով, որ  Մայրապետյանը մշտապես բարեգործություններ է արել եւ օգնություն ցուցաբերել իրեն դիմող անձանց:

Ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը երեկ՝ հունվարի 24–ին բավարարել է գործարար Սամվել Մայրապետյանի պաշտպանի միջնորդությունը եւ թույլատրել գործարարին դուրս գալ երկրից։

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունվարի 17-ին 39-րդ կանոնի համաձայն որոշել է միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյանի գործով եւ ցուցում է տվել Հայաստանի կառավարությանը շտապ կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն՝ համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների՝ այդ թվում տրանսլյումինալ դրենավորման մեթոդի կիրառմամբ: Բացի այդ ՄԻԵԴ–ն առաջնահերթություն է տվել Մայրապետյանի գործին 41-րդ Կանոնի համաձայն եւ պահանջել փաստաբաններից ամբողջական բողոքը ուղարկել շատ ավելի արագ, քան նախկինում պահանջվում էր, ՀՀ գլխավոր դատախազությունը մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող իրավիճակը ժամ առաջ լուծելու փոխարեն ժամանակ է վատնում նման կարգի՝ իրականությունը խեղաթյուրող հայտարարություններ տարածելու վրա:

Մայրապետյանը մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու մեջ: