Նեանդերթալցիները հիանալի որսորդներ էին, աշխարհին տեղեկացնում են հնէաբանները, որոնք մանրազնին ուսումնասիրել են հնագույն զենքը։ Վերացած այս տեսակը որսի ու պաշտպանության համար ստեղծել է նիզակներ, որոնք կարող էին թիրախը խոցել մոտավորապես քսան մետրի վրա, տեղեկացնում է Planet Today-ը՝ հղում կատարելով Scientific Reports պարբերականին։
Հետաքրքիր է, որ մինչ այդ գիտական աշխարհում ընդունված էր կարծել, թե նեանդերթալցիներն անվարժ ու բավական թերզարգացած են եղել։ Ավելի վաղ մասնագետներն ասում էին, թե մեր նախնիները պարզապես նետվում էին իրենց որսի վրա ու նրան սատկեցնում պարզունակ զենքով, այլ խոսքով՝ նրանք օգտագործում էին «մերձամարտի» տեխնիկան։ Վերջին հետազոտությունը ցույց է տալիս, որ բնավ այդպես չէ։
Գերմանիայի տարածքում պեղումների ժամանակ գտնվել են գեղարդների մասեր, դա էլ օգնել է հերքել նախորդ տեսությունը։ Հետազոտությունը ցույց է տվել, որ գտնված զենքը մոտ 300 հազար տարեկան է։
Մասնագետները լիովին վերականգնել են հնագույն զենքը եւ պարզել, որ այն հիանալի աերոդինամիկ հատկություններ է ունեցել։ Գեղարդները բավական ծանր են եղել, բայց կարող էին հաղթահարել մեծ հեռավորություն եւ սպանել որսը։ Դա օգնել է նեանդերթալցիներին անվտանգության մեջ լինել, բայց անգամ խոշոր գազան սպանել։
Արժե նշել, որ նեանդերթալցիներն անհետացել են մոտ 40 հազար տարի առաջ։ Գիտական աշխարհի մեծ մասը համոզված էր, որ նրանք ապրել են պարզունակ ցեղախմբերում, որոնք իրենց ինտելեկտով չէին կարող համեմատվել կրոմանյոնցիների հետ։




























