Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ, որը ավարտում է իր առաքելությունն այս պաշտոնում:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակից, հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային քաղաքականությունում ստեղծված նոր իրավիճակը` կապված մի շարք բռնապետությունների փլուզման հետ:

«Հանգամանալից անդրադարձ է եղել Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակին եւ վատթարացող սոցիալ-տնտեսական դրությանը: Քննարկվել են նաեւ Հայաստանում սրված քաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիները, մասնավորապես՝ քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը:

Առաջին նախագահը գնահատել է պարոն Սեմնեբիի աշխատանքը ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում, շնորհակալություն հայտնել եւ հաջողություն մաղթել հետագա գործերում:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը եւ Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը, Ավետիս Ավագյանը եւ Վլադիմիր Կարապետյանը»,- ասված է ՀԱԿ-ի հաղորդագրության մեջ: