Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում 98 տարեկան հասակում մահացել է խոշոր ձեռնարկատեր Էկա Թջիպտա Վիջայան. մահվան պատճառը չի հստակեցվում, հաղորդում է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով Bloomberg-ին:

Այդ մասին պարբերականին հայտնել է Ինդոնեզիայում մեծությամբ չորրորդ համախմբության՝ Sinar Mas Group-ի գործադիր տնօրենը:

Վիջայան ծնվել էր Չինաստանում եւ 9 տարեկանում տեղափոխվել Ինդոնեզիա. իր առաջին բիզնեսը թխվածքաբլիթների վաճառքն էր, որը նա ձեռնարկել էր 17 տարեկանում: Ավելի ուշ նա ներդրումներ էր կատարել արմավենու արտադրության եւ փայտանյութի պատրաստման մեջ, ինչպես նաեւ զբաղվում էր կոկոսի յուղի վաճառքով: 1962 թվականին նա հիմնել էր Sinar Mas Agro Resources and Technology ընկերությունը:

Արդյունքում նա հիմնվել էր աշխարհում արմավենու յուղի արտադրությամբ զբաղվող ամենախոշոր ընկերություններից մեկը՝ Golden Agri Resources-ը եւ Bumi Serpong Damai-ը, որն Ինդոնեզիայում անշարժ գույքի ամենամեծ գործակալությունն է: