49-ամյա նկարչուհի Պասկալ Սելլիկն Էքսեթերից, Անգլիա, կարծես, որոշել է վերջ դնել փեսացուի փնտրտուքներին եւ ամուսնության մասին հարցերին: Ճիշտ է՝ բավականին տարօրինակ ձեւով:
Յուրովի հետեւելով «սրտին չես հրամայի» ասացվածքին՝ կինն ընտրել է որպես ամուսին առարկան, որի հետ անցկացնում է ժամանակի զգալի մասը: Դա իր սիրելի վերմակն է, հաղորդում է Life-ը:
Պասկալը բավականին համոզիչ է բացատրում իր ընտրությունը՝ թվարկելով այդպիսի «անկողնային» միության բազում առավելությունները:
«Իմ վերմակի հետ ամենաերկար, ամուր, մտերիմ եւ հուսալի հարաբերություններն են, որոնք ես երբեւէ ունեցել եմ»,-հայտարարել է նկարչուհին Facebook–յան իր էջում:
Ընդ որում՝ «համարձակ եւ անկեղծ նկարչուհին», ինչպես բրիտանուհին ինքն իրեն նկարագրում է, ծրագրում է շքեղ հարսանեկան արարողություն կազմակերպել նրա հետ Սուրբ Վալենտինի նախօրեին եւ հյուրեր հրավիրել: Եւ արդեն մի շարք մանրամասների մասին է մտածել: Այսպես, օրինակ, Պասկալն արդեն որոշել է իր զգեստը, որը կազմված է փափուկ հողաթափերից, թավշյա գիշերազգեստից եւ խալաթից: Իսկ իր ընտրալի զգեստը նկարչուհին դեռ չի բացահայտում:
Կինը նաեւ վարձել է հարսանեկան կազմակերպիչ ամեն ինչ բարձր մակարդակով անցկացնելու համար: Եւ տեղեկացրել է իր հյուրերին դրեսս-կոդի մասին՝ պիջամաներ, գիշերազգեստներ եւ հողաթափեր, եւ խնդրել հնարավորինս բերել իրենց հետ փափուկ խաղալիքներ: Արարողությունից հետո նկարչուհին պատրաստվում է կազմակերպել երկու շաբաթ տեւողությամբ մեղրամիս:




























