Վենեսուելայի ԱԳ նախարար Խորխե Արեասան երկրի ընդդիմադիր ուժերին կոչ է արել կառավարության հետ բանակցային սեղանի շուրջ նստել: Այս մասին նա ասել է RT հեռուստաալիքի հետ զրւույցում, որը հրապարակվել է երկուշաբթի:

«Եթե ընդդիմությունը պատրաստ լինի բառացիորեն կես ժամ հետո մեզ հետ  բանակցային սեղանի շուրջ նստել, մենք կհամաձայնենք: Իրականում, մենք երբեք բանակցային սեղանից չենք հեռացել, այդ ընդդիմությունն է, որ մեկ նստում է, մեկ վեր կենում հեռանում, հետո վերադառնում: Ես շատ կցանկանայի, որ նրանք գային բանակցությունների, իրենց  ղեկավարներից թույլտվություն խնդրեին այստեղ՝ ԱՄՆ-ում եւ մեզ հետ միասին լուծում գտնեին, որը կհամապատասխաներ Վենեսուելայի սահմանադրությանը: Սա մեծ հնարավորություն է միասին հավաքվելու,  Սահմանադրության դրույթների վրա հիմնվելով՝ համատեղ ապագայի քաղաքական ճանապարհ կառուցելու», - նշել է նա:

Հունվարի 23-ին Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն, որի նշանակումը երկու օր առաջ խորհրդարանի խոսնակի պաշտոնում Վենեսուելայի Գերագույն դատարանը չեղյալ  հայտարարեց, իրեն երկրի նախագահի նախագահի պաշտոնակատար էր հռչակել: Պետության ներկայիս ղեկավար Նիկոլաս Մադուրոն կատարվածը հեղաշրջման փորձ  է որակել եւ Միացյալ Նահանգների հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին հայտնել:

Գուայդոյին նախագահի պաշտոնակատարի պաշտոնում բացառությամբ Մեքսիկայի ճանաչել են Լիմայի խմբի երկրները, Ամերիկյան պետությունների կազմակեևպությունը, Ավստրալիան, Ալբանիան, Վրաստանը, Իսրայելը, ԱՄՆ-ն: Իսպանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Բրիտանիան եւ Նիդերլանդները հունվարի 26-ին հայտարարել էին, որ Գուայդոյին երկրի ժամանակավոր նախագահ են ճանաչում, եթե Մադուրոն 8 օրվա ընթացքում չհայտարարի ընտրությունների անցկացման մասին:

Ռուսաստանը, Բելառուսը, Բոլիվիան, Իրանը, Կուբան, Նիկարագուան, Սալվադորը եւ Թուրքիան իրենց աջակցությունն են հայտնել Մադուրոյին: Չինաստանը կոչ է արել խաղաղ ճանապարհով լուծել բոլոր տարաձայնությունները եւ դեմ է արտահայտվել արտաքին միջամտությանը, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ճգնաժամը լուծելու համար երկխոսության կոչ է արել: